Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եվգենի Ստարոդուբցևը ելույթ է ունեցել Խաչատրյանի փառատոնի շրջանակներում

Եվգենի Ստարոդուբցևը ելույթ է ունեցել Խաչատրյանի փառատոնի շրջանակներում
12.10.2016 | 11:13

Հոկտեմբերի 11-ին Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի հերթական սիմֆոնիկ համերգն էր։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարեց Սերգեյ Ռախմանինովի «Մեռյալների կղզին» սիմֆոնիկ պոեմը, Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը (մենակատար՝ Եվգենի Ստարոդուբցև (դաշնամուր/Ռուսաստան), Սերգեյ Պրոկոֆևի Յոթերորդ սիմֆոնիան։ Վերջին կատարումը նվիրված էր Սերգեյ Պրոկոֆևի 125-ամյակին։


Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Եվգենի Ստարոդուբցևին հայ հանդիսատեսը հիշում է դեռևս Խաչատրյանի անվան մրցույթից, որին նա մասնակցել է մի քանի տարի առաջ և գրավել մրցանակային տեղ։ «Եվգենի Ստարոդուբցևը հայտնի դաշնակահար է, նվագխում է տարբեր նվագախմբերի հետ, արժանացել է բարձր տիտղոսների։ Ռախմանինովի կոնցերտը, որ կատարելու է նա, շատ քիչ է հնչում, և շատ քիչ դաշնակահարներ են պատրաստ այն կատարել, քանի որ դժվար ստեղծագործություն է»,- ասում է Սերգեյ Սմբատյանը։
Եվգենի Ստարոդուբցևը, խոսելով Խաչատրյանի փառատոնին իր մասնակցության մասին, նշում է, որ շատ ուրախ է համագործակցել Երիտասարդական նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի հետ, իր համար շատ հաճելի է հանդես գալ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Անդրադառնալով Ռախմանինովի Դաշնամուրի կոնցերտին՝ Ստարոդուբցևը նկատում է, որ միշտ վախով է նվագում Ռախմանինովի ստեղծագործությունները, քանի որ դրանք բարդ են։


Ստարոդուբցևը բազում միջազգային մրցույթների դափնեկիր է: Ելույթներ է ունեցել, այդ թվում՝ մենահամերգներով, Իսպանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Խորվաթիայում, Իտալիայում, Լիտվայում, Սերբիայում, այլուր: Եվգենին թողարկել է 2 ձայնասկավառակ՝ 20-րդ դարի երաժշտության կատարումներով:
Նշենք, որ Խաչատրյանի փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ) և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։ Փառատոնը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին։ Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի հովանավորներն են «Ջերմուկ գրուպ» ընկերությունը, «Անի պլազան», «Երևանի կոնյակի գործարանը», ԱրմՍվիսԲանկը։


Եվգենի Ստարոդուբցևի մասնակցությամբ համերգի տեսագրությունը կարող եք դիտել հետևյալ հղմամբ:

Դիտվել է՝ 904

Մեկնաբանություններ